ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՏԻՐԱԿԱԼԸ

   ՏԻՐԱԿԱԼԸ
11.12.2009 | 00:00

Նիկոլո ՄԱՔԻԱՎԵԼԻ
ԽԱՌԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նոր տիրակալի համար դժվար է պահել իշխանությունը: Նույնիսկ ժառանգական տիրակալի համար է դժվար, որ նոր կալվածքներ է ավելացրել, և պետությունը դարձել է խառը տեսակի: Դժվար է իշխանությունը պահել այն բնական պատճառով, որը բոլոր նոր պետություններում հեղաշրջումներ է հարուցում: Այսինքն` մարդիկ, հավատալով, որ նոր տիրակալն ավելի լավն է լինելու, հաճույքով ապստամբում են հնի դեմ, բայց շուտով փորձով համոզվում են, որ խաբվել են, քանի որ նոր տիրակալը միշտ ավելի վատն է հնից: Ինչը բնական և օրինաչափ է, քանի որ նվաճողը ճնշում է նոր հպատակներին, տարատեսակ պարտականություններ է դնում նրանց վրա, պարտադրում է իր զորքը պահել, որն անխուսափելի է նվաճվելու դեպքում: Այդպիսով թշնամիներ է վաստակում նրանց մեջ, ում ճնշել է և կորցնում է նրանց բարեկամությունը, ովքեր օգնել են իրեն, քանի որ չի կարող նրանց հատուցել այն չափով, ինչ ակնկալում էին նրանք, բայց և պարտական լինելով` չի կարող նրանց նկատմամբ կտրուկ միջոցներ կիրառել, չէ՞ որ առանց նրանց աջակցության չէր կարող երկիր մտնել, ինչքան էլ ուժեղ լիներ իր բանակը: Հենց այդ պատճառով Լյուդովիկոս XII-ը` Ֆրանսիայի արքան, արագ նվաճեց Միլանը և նույնքան արագ կորցրեց: Հենց նույն պատճառով դուքս Լոդովիկոն կարողացավ վերանվաճել Միլանը սեփական ուժերով: Քանի որ ժողովուրդը, որն ինքն էր արքայի առաջ բացել քաղաքի դարպասները, արագ հասկացավ, որ խաբվել է իր ակնկալիքներում ու հաշվարկներում, և նոր տիրակալի լուծը չհանդուրժեց:
Ճիշտ է, եթե ապստամբ երկիրը վերանվաճվել է, տիրակալը հեշտությամբ է իր իշխանությունը հաստատում, քանի որ ապստամբությունն առիթ է առանց մեծ դժվարությունների մեղավորներին պատժելու, կասկածյալներին բացահայտելու, պաշտպանական միջոցներ ձեռնարկելու առավել խոցելի տեղերում: Այդպես առաջին անգամ Ֆրանսիան հանձնեց Միլանը` հենց դուքս Լոդովիկոն հայտնվեց սահմաններում, բայց երկրորդ անգամ Ֆրանսիան այնքան պահպանեց Միլանը, քանի դեռ չէին համախմբվել իտալական բոլոր պետությունները, որից հետո նրա զորքերը վռնդվեցին Իտալիայի տարածքից` արդեն նշված պատճառներով: Այնուհանդերձ, երկու անգամ էլ Ֆրանսիան կորցրեց Միլանը: Արքայի առաջին անհաջողության պատճառը, որ ընդհանուր է նման բոլոր դեպքերի համար, ես անվանեցի, մնում է պարզել երկրորդ անհաջողության պատճառը և հասկանալ, թե ինչպես կարող էր Լյուդովիկոսը, և յուրաքանչյուրը նրա տեղում, հաղթանակը ամրացնել ավելի, քան հաջողվեց Ֆրանսիային:
Նվաճված և ժառանգված տարածքները կարող են պատկանել կամ մի երկրի և ունենալ ընդհանուր լեզու, կամ տարբեր երկրների և ունենալ տարբեր լեզուներ: Առաջին դեպքում դժվար չէ նվաճածը պահել, հատկապես եթե նոր հպատակները նախկինում էլ ազատություն չեն ունեցել: Նրանց վրա իշխանությունն ամրացնելու համար բավական է ոչնչացնել նախկին տիրակալի տոհմը, քանի որ սովորույթների ընդհանրության և հին կարգերի պահպանության դեպքում դժգոհության այլ պատճառներ չեն լինում: Այդպես է եղել Բրետանում, Բուրգունդիայում, Նորմանդիայում և Գասկոնում, որ վաղուց Ֆրանսիայի կազմում են: Ճիշտ է, լեզուները մի քիչ տարբերվում են, բայց շնորհիվ սովորույթների նմանության` նրանք խաղաղ գոյակցում են միմյանց հետ: Նման դեպքերում տիրակալը պետք է նախազգուշական երկու միջոց միայն ձեռնարկի. առաջին` հետևի, որ նախորդ տիրակալի տոհմը ոչնչացվի, երկրորդ` պահպանի հին օրենքները և հարկերը, այդ դեպքում նվաճված տարածքները շատ արագ կմիաձուլվեն նվաճողի բուն պետության հետ մի ամբողջության մեջ:
Բայց եթե նվաճված երկիրը ժառանգվածից տարբերվում է լեզվով, սովորույթներով ու կարգերով, իրապես դժվար է իշխանությունը պահել. պահանջվելու է և՛ մեծ հաջողություն, և՛ մեծ արվեստ: Ամենաուղղակի և գործուն միջոցներից մեկը այնտեղ բնակություն հաստատելն է: Դա հաստատուն և անվտանգ է դարձնում նվաճումը: Հենց այդպես վարվեց Հունաստանի հետ թուրքական սուլթանը, որը, որքան էլ ջանար, իր իշխանության տակ չէր պահելու Հունաստանը, եթե չտեղափոխեր մայրաքաղաքը: Քանի որ միայն երկրում ապրելով կարող ես նկատել սկսվող դժգոհությունը և ժամանակին կանխել զարգացումը, այլապես կիմանաս միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ այնքան է առաջ գնացել, որ անիմաստ է որևէ քայլ ձեռնարկել: Հիմնավորվելով նվաճված երկրում, տիրակալը նաև պահպանում է այդ երկիրն իր աստիճանավորների կողոպուտից, քանի որ հպատակները հնարավորություն ունեն տիրակալի դատին դիմելու, որը հնազանդ հպատակներին առիթ է տալիս տիրակալին ավելի շատ սիրել, իսկ անհնազանդներին` ավելի վախենալ: Եվ եթե հարևաններից որևէ մեկը հարձակում է նախապատրաստում, այդ դեպքում ավելի մեծ զգուշություն կդրսևորի, այնպես որ տիրակալը հազիվ թե կորցնի նվաճված երկրի իշխանությունը, եթե այնտեղ բնակություն հաստատի:
Երկրորդ հիանալի միջոցը նվաճված տարածքի մի քանի մասերում գաղութներ հիմնելն է, որոնք նոր տարածքները կապում են նվաճող պետության հետ: Դրանից բացի, միայն մի միջոց կա` նվաճված երկրում տեղակայել նշանակալից չափով հեծելազոր ու հետևակ: Գաղութները մեծ ջանքեր չեն պահանջում, նրանց հիմնումն ու պահպանությունը պետության գանձանակի վրա համարյա չեն անդրադառնում, նրանք սնանկացնում են միայն այն բնակիչներին, ում դաշտերն ու բնակատեղիները հատկացվում են նորաբնակներին: Այսինքն` մի բուռ մարդկանց, որոնք աղքատանալով ու երկրով մեկ սփռվելով, ոչ մի կերպ չեն կարող վնասել տիրակալին, բոլոր դեպքերում մնացածները չեն միանում և արագ հանդարտվում են ու, բացի այդ, զգուշանում են անհնազանդություն դրսևորելուց տնազրկված հարևանների ճակատագրին չարժանանալու համար: Այնպես որ, գաղութները տիրակալին էժան են նստում, հավատարիմ ծառայում են և վնասում միայն մի խումբ մարդկանց, որոնք սնանկանալով ու դեսուդեն ընկնելով` վտանգ չեն ներկայացնում տիրակալի համար: Տեղին է նկատել, որ մարդկանց կամ պետք է փաղաքշել, կամ ոչնչացնել, քանի որ փոքր չարիքի համար մարդը կարող է վրեժ լուծել, իսկ մեծի համար չի կարող, որից հետևում է, որ մարդուն հասցվող հարվածը պետք է այնպես հաշվարկել, որ վրեժից չվախենաս: Եթե գաղութների փոխարեն երկրում զորքեր տեղակայես, նրանց ապրուստն ավելի թանկ կնստի և նոր պետության բոլոր եկամուտները կոչնչացնի, որի պատճառով ձեռքբերումը կդառնա վնասատու, բացի այդ, շատ ավելի մեծ թվով մարդիկ կտուժեն, քանի որ զորքի ներկայությունը հոգս է ամբողջ բնակչության համար, որից յուրաքանչյուրը, դժվարություններ ապրելով, դառնում է պետության թշնամի, իսկ նման թշնամիները կարող են վնասել, քանզի թեպետ պարտված են, բայց իրենց տանն են: Այսպիսով, որ կողմից նայես, նման զորախմբի տեղակայումը վնասակար է, մինչդեռ գաղութի հիմնադրումը օգտակար է:
Սովորույթներով ու լեզվով օտար երկրում տիրակալը պետք է դառնա նաև առավել թույլ հարևանների պաշտպանն ու առաջնորդը և ձգտի թուլացնել ուժեղներին, բացի այդ, հետևի, որ ինչ-որ կերպ երկիր չներթափանցի իրեն ուժով չզիջող օտարերկրյա տիրակալ: Նրանց միշտ հրավիրում են երկրի ներսի դժգոհները` փառասիրությունից կամ վախից. ինչպես ժամանակին հռոմեացիներին Հունաստան բերեցին էտոլները, ասենք, մյուս երկրներ էլ նրանց տեղական բնակիչներն են կանչել: Երբ հզոր տիրակալը մտնում է երկիր, առավել թույլ պետություննե րն արագորեն միանում են նրան` սովորաբար առավել ուժեղներին նախանձելով, այնպես որ տիրակալին պետք էլ չէ նրանց իր կողմը գրավել, նրանք իրենք են հաճույքով միանում նոր ստեղծած պետությանը: Միայն թե պետք չէ թույլ տալ, որ նրանք ընդլայնվեն և ուժեղանան, այդ դեպքում սեփական ուժերով ու նրանց աջակցությամբ դժվար չի լինի սանձել առավել ուժեղներին և տվյալ երկրի լիակատար տերը դառնալ: Եթե տիրակալն այս ամենի մասին հոգ չտանի, շուտով կկորցնի նվաճածը, իսկ մինչ այդ անթիվ դժվարություններ ու զրկանքներ կկրի:
(շարունակելի)
Թարգմանությունը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 6209

Մեկնաբանություններ